ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

11044560_375886682596376_1564542066191816952_n
Կ ՈԻ Ր Թ Ա Ն Ի     Դ Պ Ր Ո Ց Ը
Մինչև 19-րդ դարը դպրոցի կամ ուսումնառության այլ կենտրոնի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չեն պահպանվել: Գյուղում գործող դպրոցի մասին առաջին տեղեկությունը հիշատակվում է 19-րդ դարի վերջին , իսկ առաջին ուսուցիչը եղել է Կարապետ Տեր-Ասատուրիչը:
1930թ. գյուղում հիմնվել է 7-ամյա դպրոց , իսկ 1937թ.` միջնակարգ դպրոց, որը 1941թ. տվել է իր առաջին շրջանավարտները:
Կուրթանի միջնակարգ դպրոցում 1949 թվականին սովորելիս են եղել 640 աշակերտներ, որոնց դասավանդել են 34 ուսուցիչներ: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ, աշխատում ` 28 մանկավարժ:
Դպրոցի ողջ պատմության ընթացքում նրա շրջանավարտներից բարձրագույն կրթություն են ստացել մոտ 750-ը, ունեցել է 13 մեդալակիր: Դպրոցի շրջանավարտներից 5-ը ունեցել է գիտությունների դոկտորի աստիճան, 9-ը` դոցենտի կոչում: Կուրթանի միջնակարգ դպրոցն են ավարտել նաև բանաստեղծ Սարգիս Խարազյանը և արձակագիր Մամիկոն Խարազյանը:
Դպրոցի շրջանավարտները մեծ հաջողուղություններ են ունեցել սպորտի բնագավառում. Նրանցից 5-ը լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմա, 15-ը` վարպետի թեկնածուի:
Դպրոցի վոլեյբոլի , ֆուտբոլի և ըմբշամարտի թիմերը մասնակցել են հանրապետական առաջնություններին (60-80-ական թթ.): Հանրապետությունում դպրոցը հայտնի է եղել ազատ ոճի ըմբշամարտիկներով և ծանրամարտիկներով:
Դպրոցի թատերական ինքնագործ խմբերը 60-90-ական թվականներին պարբերաբար մասնակցել են հանրապետական ստուգատեսներին:
2013թ. դրությամբ ՀՀ տարբեր բուհերում սովորում են մեր դպրոցի 45 շրջանավարտներ:
Կուրթանի դպրոցի աշակերտները ամեն տարի ակտիվ մասնակցություն են ունենում տարածքային, մարզային, ինչպես նաև հանրապետական օլիմպիադաներում:
Մեր դպրոցի աշակերտները պատվով ու հաղթանակով են վերադառնում շախմատային մրցույթներից ու օլիմպիադաներից: Կուրթանի միջնակարգ դպրոցի շախմատի թիմը 2013թ. շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի 2-րդ փուլում ճանաչվել է հաղթող և ստացել գավաթ:
1985թ. կառուցվել է դպրոցի նոր շենքը` 784 աշակերտական տեղով: Այն զբաղեցնում է 4200 մ2 տարածք : Դպրոցն իր պատմության ընթացքում ունեցել է 13 տնօրեն: 1989թ. մինչև օրս դպրոցի տնօրենն է Վ. Լ. Նալբանդյանը: Դպրոցն ունի քիմիայի , ֆիզիկայի լաբորատորիաներ, ՆԶՊ-ի, կենսաբանության , հայ գրականության կահավորված կաբինետներ, մարզադահլիճ , գրադարան, արհեստանոցներ: Դպրոցում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ: Դրանցից շատերը դարձել են ավանդական :
2004թ. գործում է ինտերնետ-համակարգչային կենտրոնը , որտեղ աշակերտները և ուսուցիչները հնարավորություն են ստանում զարգացնել թվային աշխարհում գործելու հմտությունները:
Դպրոցն ունի կայք ` kurtan.schools.am :